Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՄԵՆՔ ՄԻ ԹՈՒՆԵԼ ԵՆՔ ՄՏԵԼ, ՈՐՏԵՂ ԼՈՒՅՍԸ ՇԱՏ ՀԵՌՎԻՑ Է ԵՐևՈՒՄ»

«ՄԵՆՔ ՄԻ ԹՈՒՆԵԼ ԵՆՔ ՄՏԵԼ, ՈՐՏԵՂ ԼՈՒՅՍԸ ՇԱՏ ՀԵՌՎԻՑ Է ԵՐևՈՒՄ»
16.10.2009 | 00:00

«ԱՅՍՕՐՎԱ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ»
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ (կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ)
-Դուք համամի՞տ եք եք Հայ ազգային կոնգրեսի գաղափարներին։
-Ո՛չ, ճիշտ հակառակը։ Ես Ժիրայր Սէֆիլյանի հետ, որն ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին, իսկ ես` ոչ, միշտ վիճում եմ այդ հարցով։ Ես տեսնում եմ երկու կարևոր տարբերություն մեր և նրանց միջև։ Առաջինը ներքին տնտեսական քաղաքականությունն է։ Տեր-Պետրոսյանը կնքահայրն է այս տնտեսական մոդելի։ Քսան տարի առաջ մենք ընտրեցինք կապիտալիստական զարգացումը, որը հանգեցրեց օլիգարխների ստեղծմանն ու հովանավորչությանը, ինչը ժողովրդի համար կործանարար է։ Երկրորդը արտաքին քաղաքականությունն է, որտեղ ևս կտրուկ տարբերություններ կան։ Մեր պատկերացմամբ` այսօրվա գործընթացները Տեր-Պետրոսյանի քաղաքականության տրամաբանական շարունակությունն են։ Սա է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը չի ընդդիմանում։ Կարող են ոճական տարբերություններ լինել, բայց բովանդակությունը նույնն է։
-Այն գաղափարները, որ «Սարդարապատ» շարժման հիմքում եք դրել, կարծում եք, կոնգրեսում առկա չե՞ն։
-Ո՛չ, դա տեսնում եմ կոնգրեսի շուրջ հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց մեջ, ովքեր վաղուց արդեն խիստ վրդովված ու ապակողմնորոշված են։ Եթե կոնգրեսը լիներ այդ փրկության փարոսը, բնականաբար, մենք էլ մեր գործերով կզբաղվեինք։ Բոլորովին չեմ պատրաստվում թողնել իմ գործն ու զբաղվել քաղաքականությամբ։ Ես կինոռեժիսոր եմ, բայց գալիս է պահը, երբ այս ամենը հասկանում ես, և եթե մյուսները չեն գիտակցում դա, դու պետք է բացատրես։ Իսկ եթե անկեղծ ես ու հասկանում ես, պետք է գործես։
«ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՔՈՉԱՐՅԱՆ» ԱՆՈՒՆԸ ՉԿԱ»
ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար)
-Կրկին լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ ՕԵԿ-ն ի՞նչ կարծիք ունի այդ առումով։
-Գիտե՞ք ինչ, այդ հարցը մեզ չպետք է ուղղեք։ Մենք իրատես ենք։ Այսօրվա իրականությունում ու քաղաքական ուժերի մեջ «Քոչարյան» անունը չկա։
-ՕԵԿ-ը քաղաքական դաշտում է եղել և՛ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, և՛ հիմա` Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ։ Տարբերություններ կա՞ն։
-Մենք շատ լավ ենք աշխատում ներկա նախագահի հետ։ Այն կուրսը, որն իրականացնում է, պաշտպանում ենք ու փորձում ենք մեր ուժերով առկա խնդիրները լուծել և մարտահրավերներին դիմակայել։
-Փաստորեն, ՕԵԿ-ն իրեն շա՜տ լավ է զգում այս նախագահի օրոք։
-Արժանապատիվ ձեռք ենք մեկնել ու միասին աշխատում ենք։
«ԹԻԿՈՒՆՔԻ» ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԼԱՎ ԿԼԻՆԻ ՆԱՅԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԹԻԿՈՒՆՔՆԵՐԻՆ»
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)
-Ասում են` այն 11 կուսակցությունները, որոնք միավորվել են, և որոնց մեջ նաև «Ժառանգությունն» է, իրականում գործում են Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ «Ժառանգությունը» գիտի՞ այդ մասին։
-Մենք հրաշալի գիտենք, թե որ միջոցառումներին ենք մասնակցում։ Տվյալ պարագայում որևէ մեկի թիկունքում եղածները մեզ չեն հետաքրքրում, եթե, իհարկե, այդպիսիք կան։ Իսկ ընդհանրապես «թիկունքների» մասին խոսողները` «թիկունքոլոգները», «թիկունքի» գծով մասնագետները, լավ կլինի նայեն սեփական թիկունքներին ու իրենց անցյալին` դատողություններ անելուց առաջ։ Ցավոք, տարբեր ուժեր կան մեր երկրում, որոնց համար անհասկանալի է ինքնուրույն դիմագիծ, ինքնուրույն քաղաքական օրակարգ ունենալը։ Նրանց հասկանալի են միայն մանրախնդիր անձնական պրպտումները։ Հումորով ենք վերաբերվում այդ մարդկանց ու նրանց ասածներին։ Ազգի շահերից բխող ինչ էլ անենք, միևնույն է, այդ մարդկանց չի բավարարելու։ Զարմանում եմ, թե որտեղից են այսքան «րաֆֆիական» լրագրողներ հայտնվում այն թերթերում, որոնք համակրում են ՀԱԿ-ին։ «Ժառանգությունը» որևէ մեկի շանտաժներին, պարտադրանքներին, խաղիկներին տուրք չի տալու։
-Ասել է` «Ժառանգությունը» մտավախություն չունի, որ հետագայում հանկարծ կարող է պարզվել, թե այդ միավորումը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանը։
-Ո՛չ։ Նախկինում էլ ասում էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն է վերադարձել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված։ Հիմա էլ նույն բանը Տեր-Պետրոսյանի թիմն է ասում այն համագործակցության մասին, որ առկա է 11 կուսակցությունների միջև։ Եթե սա է մարդկանց պատկերացրած քաղաքականությունը, մենք այնտեղ չկանք։
-Եթե նույնիսկ ոչ այդ ձևաչափով, բայց, այնուամենայնիվ, Քոչարյանը վերադառնա, ապա՞...
-Քոչարյանը ոչ միայն չպետք է վերադառնա, այլև, ինչպես «Ժառանգությունն» է բարձրացրել հարցը, պատասխանատվության պետք է ենթարկվի։ Եթե ամեն օր այս մասին չենք խոսում, չի նշանակում, որ «Ժառանգության» օրակարգում այդ խնդիրը չկա։ Մարտի 1-ի համար պետք է քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկվեն դրանում ներգրավված բոլոր անձինք։
«ՊԵՏՔ Է ԹԵՎԵՐԸ ՔՇՏԵՆ ՈՒ ԼԾՎԵՆ ԳՈՐԾԻ»
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Տեղյա՞կ եք, որ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն։
-Բացարձակապես տեղեկություն չունեմ։ Կարծում եմ` այն մարդը, ով երկիր է ղեկավարել տասը տարի շարունակ, չի կարող միանգամից հանգստի գնալ։
-Հանրապետականներն ինչպե՞ս են վերաբերվում այդ փաստին։
-Նման թեմա երբեք չի քննարկվել, այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե ինչպիսի մոտեցումներ կան։ Սակայն, կարծում եմ, շատ բնական կլինի, որ Քոչարյանը ցանկություն հայտնի ակտիվ քաղաքականություն վերադառնալու։ Չեմ կարծում նաև, որ, վերադառնալով, մեզ հետ շատ մեծ հակասություններ ունենա։
-Խոսակցություններ կան, թե հայ-թուրքական արձանագրություններին դեմ 11 կուսակցությունների միավորման թիկունքում ևս նա է կանգնած։ Ձեր մեկնաբանությունը։
-Այդ մասին նույնպես տեղեկություն չունեմ, իսկ ենթադրություններ անել առանց փաստերի, հիմքերի, անշնորհակալ գործ է։ Այսինքն` ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել։
-Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրություններում հաստատագրվածը «ողջամիտ ժամկետում» իրականություն կդառնա՞։
-Դժվար է ասել։ Կարող եմ հայկական կողմի վճռականության ու հաստատակամության մասին փաստել։ Հայաստանի կողմից ձգձգումներ կամ արգելակման քայլեր չեն լինի, իսկ թուրքերը մնում են իրենց արմատներին հավատարիմ ու հնարավոր է, որ անլուրջ քայլեր անեն։ Այս գործընթացը միանշանակ կարելի է համարել մեր դիվանագիտության պատմության մեջ դրական քայլ։
-Եթե գործընթացը տապալվի, ի՞նչ ենք կորցնելու։
-Նախ` սահմանի բացումը։ Այսինքն` կզրկվենք այլընտրանքային ճանապարհից, որով Եվրոպա դուրս կգանք։ Մենք մի թունել ենք մտել, որտեղ լույսը շատ հեռվից է երևում։ Բայց երբ նախագահն ասում է, թե վճռական ենք ու գնալու ենք մինչև վերջ, կարծում եմ, բոլորը, այդ թվում` 11 կուսակցություններն ու նրանց թիկունքում կանգնած երևացող ու չերևացող ուժերը, պետք է թևերը քշտեն ու լծվեն գործի։
-Դուք պատգամավոր եք եղել և՛ Քոչարյանի ժամանակ, և՛ հիմա։ Կարո՞ղ եք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրականացրած քաղաքականության տարբերություններն ու նմանությունները նշել։
-Բարդ հարց եք տալիս։ Կարծում եմ` Սերժ Սարգսյանի բաց քաղաքականությունը նկատելի է ոչ միայն կուսակցության շարքերում, այլև դրանից դուրս, ինչը բավականին դրական մթնոլորտ է ստեղծում նրա շուրջ։ Ասվածը վերաբերում է և՛ մարդկային վարվելակերպին, և՛ լայն մասշտաբային քննարկումների ապահովմանը։ Քոչարյանն ավելի ինքնամփոփ մարդ էր, անձամբ ես նրա հետ շփում չեմ ունեցել այդ տարիներին։ Գուցե սա պայմանավորված է նրանով, որ կուսակցության հետ ուղղակի կապ չի ունեցել, ինչպես, ասենք, Սերժ Սարգսյանը։
-Այսինքն` երրորդ նախագահն ավելի՞ լիբերալ է։
-Ե՛վ «լիբերալ», և՛ մարդկային հարթություններում նրանք տարբեր մարդիկ են։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ